(սկիզբը` այստեղ)
Հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայի տնօրեն, վաստակավոր լրագրող, մեր ընտանիքի լավ բարեկամ Վլադիմիր Մուրադյանից լսեցինք, որ նկարահանում են Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն» վիպակը (սցենարի հեղինակ՝ Մուշեղ Գալշոյան, ռեժիսոր՝ Ժիրայր Ավետիսյան, օպերատոր՝ Լաերտ Պողոսյան, Միրոյի դերում՝ Սոս Սարգսյան): Խորհրդային տարիներին այդ թեմայով ֆիլմ նկարահանելը դյուրին չէր, Վլադիմիր Մուրադյանը պատմեց, թե որքան Մոսկովյան դժվարություններ են հաղթահարել:
1979 թ. հուլիսի 11-12-ին «Ձորի Միրոն» ֆիլմի առանձին տեսարաններ նկարահանվեցին նաև Արագածում և Ապարանում:
Միջանկյալ նշեմ, որ ֆիլմի համար երկանիվ սայլը և գութանը՝ խոփով, մաճով, իր ոսկե ձեռքերով սարքեց Ծաղկահովիտի բազմաշնորհ ատաղձագործ-դարբին, մեր խնամի Անանիկ Խաչատրյանը (Հաբեթը)։ Ջիվան Շահնազարյանը հեռախոսով հիշեցրեց, որ սայլը և եզները՝ Ծաղկավիտից՝ երկու բեռնատար մեքենաներով, ուղարկեցին Ապարանի Հարթավան, որտեղ նույնպես տեսարան է նկարահանվել։
Ֆիլմի մեկ այլ տեսարան (սկզբնամասում ՝ 4-5 րոպեներին, գութանին վեց եզներ լծած, Սոս Սարգսյան-Միրոն մաճկալ էր, այն նկարահանվել է Ծաղկահովիտի «Բերքերի փոս» հանդամասում՝ Արագած լեռան լանջին։ Շատերի թվում, ես էլ էի ներկա նկարահանումներին;
Վլադիմիր Մուրադյանը մեր ընտանիքին հրավիրեց նաև Ապարանի Աստվածընկալ եկեղեցու մոտակայքում՝ Քասաղ գետի ափին տեղի ունեցած տեսարանի նկարահանմանը:
Մեծ ուրախություն և հուզմունք ապրեցի վերստին հանդիպելով Մուշեղի Գալշոյանին, Սոս Սարգսյանին։
Հուլիսի 12, երեկո։ Աստվածընկալ եկեղեցու մոտակայքի Քասաղ գետի ձորում արհեստական անձրև էր ու մառախուղ։ Ռեժիսորը, օպերատորը, նրանց օգնականները՝ իրենց տարերքի մեջ։ Ամենքը վերջին հանձնարարականներն էին ստանում, որտեղի՞ց, ի՞նչը, ինչպե՞ս սկսել։
Քասախ գետի հանդիպակաց ափին կանգնածների թվում՝ Մուշեղ Գալշոյանը, Վլադիմիր Մուրադյանը, Թելման Մելքոնյանը, Գեորգի Ալիխանյանը, եղբայրս՝ Դավիթը, ես և շատ շատերը: Ես կանգնած էի Մուշեղի հարևանությամբ։
Ֆիլմի մեկ ժամ երեսուն րոպեից է սկսվում այն տեսարանը, երբ էրգիր, ընտանիք կորցրած, վիրավոր, կռիվներից ուժասպառ, հրացանը ուսին Միրոն՝ իր հետ հրաշքով փրկված որբ մանուկներ, որոշում է անցնել Արաքս գետը, հասնել Արևելյան Հայաստան: Բոլորս հուզումով հետևում էինք նկարահանմանը, վերապրեցինք ցեղասպանությունը, գաղթը։ Սոս Սարգսյան-Միրոն՝ մի երեխա գրկին, մյուս երեխաներին հորդորում է անցնել գետը․
«Մի վախնաք, մտեք ջուր, էրեխեք․․․, պահեք էն տղեն, բռնեք էն տղեն․․․»։ «....Հասանք էրէխեք, ամուր մնացեք, Ռուսահայաստան հեռու չէ, ձեր փրկություն հեռու չէ, մի վախնաք, ձեզ պինդ բռնեք....»։
Մեկ-երկու անգամ կրկնվեց տեսարանը: Երեկոյան աղջամուղջ էր, գետի ջուրը՝ սառը, նաև՝ արհեստական անձրև, արտիստը և երեխաները թրջվելով, երկու-երեք անգամ անցան գետը:
Այնպես էինք վերացել իրականությունից, մենք ոչ թե Քասախի, այլ՝ Արաքսի ափին էինք, սարսուռով, վշտաշաղախ հայացքով հետևում էինք տեսարանին, ապրում էինք ջարդի մղձավանջը, Մուշեղի և բոլորիս աչքերը տամուկ էին...
Մուշեղը չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե «ինչո՞ւ եկան, ինչո՞ւ չկռվեցին մինչև վերջ»։
Գիտեինք, որ «Ձորի Միրոն» վիպակը գրված է անձնական հենքի վրա։ Մուշեղի հայրը՝ Հովեն, ցեղասպանության տարիներին կորցրել էր առաջին ընտանիքը՝ կնոջը և չորս զավակներին, եկել, բնակություն էր հաստատել Թալինի Կաթնաղբյուրում։ Միաձուլված էր իրականն ու երևակայականը։ Սա պատմություն էր մահվան միջով անցած մարդկանց հերոսական մաքառումի, չարին դիմադիր լինելու, վերստին արմատ գցելու անկոտրում կամքի մասին․․․
(Միջանկյալ նշեմ, որ Սոս Սարգսյանը մրսել էր գետանցման ժամանակ, գիշերով՝ Վլադիմիրի հետ, մեկնեց Ապարան, որտեղ Վլադիմիրը ամառանոց ուներ, տաքանալու և մի բաժակ տաք թեյ խմելու։ Վլադիմիրի կինը՝ Ջուլիետան հիշեցրեց, նա արտիստի համերկրացին է)։
Նկարահանումներն ավարտվեցին։ Զրույցի ընթացքում Մուշեղը լսեց, որ երկու տարով բացակայելու եմ Հայաստանից՝ սեպտեմբերին մեկնելու եմ Բաքու՝ կուսակցական բարձրագույն դպրոցում սովորելու։ Ասաց․
-Վայ, Լիզա ջան, եթե իմանայի դու էնտեղ ես, եղբորս կթողնեի նույնպես գար․․․ Բաժանվեցինք նոր հանդիպման հույսով։ Ավա՜ղ․․․
1980 թ․ նոյեմբերի տասնհինգի երեկոյան Վլադիմիրի կինը՝ Ջուլիետան, ում հետ մտերիմներ ենք, զանգահարեց Բաքու։ Հարցուփորձ արեց իմ որպիսությունից։
-Լիզիկ ջան, քեզ պինդ բռնի, մի ողբերգական լուր եմ հաղորդում․ Հրացանի պատահական կրակոցից, Կաթնաղբյուրում զոհվել է Մուշեղ Գալշոյանը։
Կարծես այդ կրակոցից խլացան ականջներս։ Փղձկացի, սկսեցի արտասվել։ Համակուրսեցի վրացուհին մոտեցավ, գրկեց, պատմեցի եղելությունը․․․
Ճակատագրի խա՞ղ էր, որ Մուշեղ Գալշոյանը զոհվեց հրացանի կրակոցից․․․
Բաքվից արձակուրդ էի եկել Հայաստան։ «Ձորի Միրոն» ֆիմը ցուցադրվում էր, մորս հետ հուզմունքով, թաց աչքերով դիտեցինք ֆիլմը։ Լսեցի, որ Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվել է այն, և Թուրքիան պաշտոնական նոտա է հղել ԽՍՀՄ-ին, թե ինչու՛ են ցուցադրել նման ֆիլմ։ Դա մեծ բան էր և´ հեղինակի, և´ ֆիլմը ստեղծողների համար․․․
Մուշեղի ողբերգական դեպքից յոթ ամիս անց՝ Բաքվից վերադառնալիս՝ ավտովթարից կորցրեցի մորս, ընդամենը 56 տարեկան էր։
«Աշխարհքիս մեծ կորուստը մարդու կորուստն է»։ Այո´, սիրելի Մուշեղ, քո և մորս կորստի վերքը անթեղված կրակի նման դեռ ծխում և մորմոքում է իմ հոգում․․․ Միրոն անցավ գաղթականի փշոտ ճանապարհը, հասավ Թալին։
Պատահածի համար նա խռոված էր աշխարհից, և կառուցած տունը նայում էր գյուղի հակառակ կողմը։ Բայց նա պահել էր արմատ գցելու հույսը, թեև․ «Աշխարհքի հետ մենակ կապրիր»։
Այսօր մեր ժողովուրդը Միրոյի նման, կարծես, խռոված է աշխարհից այն ամենի համար, որ և´ ցեղասպանության տարիներին, և´ 44-օրյա պատերազմի ժամանանակ, աշխարհը չուզեց պաշտպանել իրեն, իսկ ինքն էլ չկարողացավ պաշտպանվել։ Ախր, աշխարհի համար Հայաստանի լինելը՝ չլինելու նման է․ նավթաոսկի չունենք, իսկ մերոնք շարունակ ջանում են արթնացնել աշխարհի քնած խիղճը։ Փոխանակ ականջալուր լինելու հայ ժողովրդի փրկության մասին՝ մեր հույսը մեր վրա դնելու, մեր մեծերի ձայնին։ Միայն թե, միմյանցից խռովել, հրաժարվել չկա։
Մեծն Հրանտ Մաթևոսյանի խոսքով․ «Մենք, այո´, նույն շփոթ քարավանի ուխտավորներն ենք և միմյանց ենք պատկանում։ Մենք միմյանց զորությունը և միմյանց էլ թուլությունն ենք, հպարտություն ենք միմյանց համար և խարան՝ միմյանց համար։ Միմյանցից հրաժարվել---չկա, չենք կարող․ չենք կարող ինքներս մեզ ժխտել։ Հայ լինելը դժվար է, բայց անհնարը հայ չլինելն է․․․» ։
Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ